ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հայ ազգային գաղափարախոսության գումարելիներն ու հանելիները

Հայ ազգային գաղափարախոսության գումարելիներն ու հանելիները
05.06.2009 | 00:00

ԷԱԿԱՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Մեր քրիստոնեական 1700-ամյա հավատքի խորհրդից բխող խոհերից պատմաքաղաքական ու ընկերաբանական միտք է առաջանում` այսքան անկումներից, նահանջներից, կորուստներից ու զրկանքներից առաջացած բազմակողմանի և բազմաբնույթ տկարությամբ կարո՞ղ է հայությունը, որպես պետական ազգ, գոյատևել։ Կարո՞ղ են Հայաստանի ու Արցախի հանրապետությունները դիմանալ, զարգանալ ու բարգավաճել` ապահովելով մեր նոր սերնդի համար ապահով ու արժանավայել հայրենի ապրելավայր և հայության իղձերի կատարում` մեր ու մեր հակառակորդների ուժերի առկա և պոտենցիալ փոխհարաբերակցության պայմաններում, միջազգային այս շահամոլ և բիրտ ուժերի գերակայության հասնելու հարաբերություններում, այս անարդար և նյութապաշտ աշխարհում։
Կարո՞ղ են հայ ազգը, Հայաստանը դիմանալ, փրկվել և կենսունակորեն գոյատևել: Հնարավո՞ր է այդ։
Այո՜, հնարավոր է` Աստծո ողորմությամբ, շնորհով ու Նրա օգնությամբ։ Վկա` մեր հավատքը, ինչքան որ մնացել է դեռ։
Հիրավի, քանի որ մեր խոհերը բխում են մեր հավատքի խորհրդից, թող զարմանալի չթվա, նաև ոչ գիտական չդիտվի, այլ էական և կարևոր համարվի, եթե շարունակենք այս բնույթի մեր հարցադրումները և դրանց պատասխանների որոնումը։
Ով հավատո՜վ քաջ է, թող առաջ գա։
Մենք սովոր ենք տեսնել, որ սովորաբար մեր պատանիներն ու մեր երիտասարդներն են լսում կանչը, տեսնում օրհասական վտանգը և նետվում դեպի գերագույն զոհաբերություն։ Բայց մեզ` տարեցներիս, ի՞նչ Է պատահել, ո՞ր «չոռն է կպել»։
Ովքեր հավատում են, որ ազգի ու երկրի դժվարին ընթացքի կասեցման և դրանց վերելքի համար հոգեկան պարտք ունեն` Աստծո առաջ և մեր սուրբ նախնյաց ու նահատակների, ինչպես նաև պարտք` մեր որդիների, թոռների և սերունդների առաջ, թող առաջ գան` ազգային ազնիվ ծառայության համար խորհրդակցելու, պարզելու, թե ինչպես պետք է ծառայել, առկա ինչ միջոցներով, ինչ հնարավորություններով, ինչ բնագավառներ պետք է ընտրել...
* * *
Հայության` որպես ազգի գոյապահպանումը, զարգացումը և վերելքը պայմանավորված են հայի ինքնության պահպանմամբ, զորացմամբ ու հարատև զարգացմամբ։ Այդ պայմանի ապահովումը միայն ու միայն մեկ աղբյուր ունի` հավատք, և դրա վերածումը ապրումի։
Հավատք` ըստ Հիսուս Քրիստոսի Ավետարանի և Խաչի։ Այս հավատքով կապահովվի հայության թե՛ որպես անհատ և թե՛ որպես ազգ ամեն ինչում վերելքի պայմանը։ Պայման` անխախտ, անբեկանելի, անփոփոխ։ Հայությունն իր կյանքը պետք է ինքնակամ նվիրի իր Արարչին` Աստծուն, որով և կյանք կունենա հավիտյանս։ Կյանք` իմաստավորված, կատարյալ ու երջանիկ, ըստ հայոց հավատքից բխող և նրա վրա հիմնված հայ ազգային գաղափարախոսության (ՀԱԳ)։
Հայը հավատքի կյանքի ամենօրյա ապրումով ավելի՛ պիտի ճանաչի, ապավինի ու նվիրվի իր Երկնավոր Հորը։ Այն ժամանակ հայն ավելի՛ կզորանա, կզարգանա, կերջանկանա` ծաղկեցնելով իր ազգն ու հայրենիքը, օգնելով մարդկությանը և փառավորելով իր Հայր Աստծուն:
Ահա ՀԱԳ-ը։ Ահա ազգային պետական քաղաքականությունը, որից պիտի բխեն ազգային պետական հայեցակարգերը, ծրագրերը և դրանց իրագործման հայոց վերաբերմունքը, արարքներն ու գործերը։
* * *
Հայության ինքնության գիտակցումը, արժևորումն ու այդ ինքնության նկատմամբ հավատարմությունը բխում են հայի ներաշխարհից` նրա հոգևոր գեներից` հոգևոր ժառանգությունից և գաղափարից:
Ազգի հոգևոր ու աշխարհիկ պատասխանատուների (թե՛ ըստ պաշտոնի, թե՛ ըստ կառույցների) կարևորագույն խնդիր-պարտականություններից է` ստուգել, քննել ու ապահովել ազգի ու ամեն մի հայի հոգևոր գեների առողջությունն ու կենսունակությունը։
Հայությունն ուր, ինչպես և ինչ պայմաններում էլ լինի, իրեն որպես ազգ միավորող շաղախը և ազգային պետականության կառուցման հիմքը հայի հավատքի և գաղափարի ժառանգությունն է եղել` փոխանցված հոգևոր գեներով ու ազգային գաղափարախոսությամբ: Էական է, որ դրա վրա հիմնվեն հայոց կրթությունն ու մշակույթը, և ձևավորվի ազգային քաղաքացիական պարտքի գիտակցությունը։
Որքան անաղարտ, առողջ ու կենսունակ են այդ գենն ու գաղափարախոսությունը, այնքան հստակ, մաքուր և զորեղ կլինեն հայի և հայության ազգային-մարդկային ինքնությունը, ինքնագիտակցությունը և կարողությունը։
Դրանից ուղղակիորեն կախված է թե՛ ազգի միասնական ու համադրված նպատակային գործողությունների կազմակերպական կառավարման ունակության, նպատակաուղղվածության ու կիրառության մակարդակը և թե՛ ամենակարևորը` իր հավատամքի և գաղափարախոսության նկատմամբ անձնական ու հավաքական հավատարմության հարատևությունը։
ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԵԼՔ
Հա՜յ ա՛զգ, հավատա՜ և կապրես, կինքնամաքրվես, կզորանաս, կաճես, կբարգավաճես ու կերջանկանաս` հիմա, միշտ և հավիտյան։
* * *
Հայոց հավատքի սահմանադրությունում, Ավետարանում, Աստուծո Միածին Որդին ասում է.
«... Դո՞ւք էլ այդպես անմիտ եք, չե՞ք իմանում, թե ամեն բան, որ դրսից մարդու մեջ է մտնում, չի կարող նրան պղծել, որովհետև ոչ թե նրա սիրտն է մտնում, այլ որովայնը...»: Եվ ասում էր. «Ինչ որ մարդուց դուրս է գալիս, ա՜յն է, որ պղծում է մարդուն, որովհետև ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները` շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն» (Մարկոս, էջ 18-23)։
Ամեն ինչ ասված է, չկա թաքուն բան, որ իմացված չլինի` տվյալ դեպքում հայ ազգի համար, շնորհիվ Հիսուս Քրիստոսի արյան հեղման, որով Սուրբ Լուսավորիչը լույս սփռեց հայոց թագավորի սրտում և նրա ավագանու ու համայն ազգի, որ սրբացան և կյանք ստացան ու փոխանցեցին սերունդներին։
1700 տարի առաջ ճառագայթած սրբագործող լույսով նորից ապրեցինք, ստեղծագործեցինք և դիմացանք բազում փորձությունների։ Այժմ, երբ արժանացանք ազատության, անկախության ու պետականության, գոհանանք, փառք տանք Տիրոջ Ամենակալին և չքարացնենք մեր սրտերը, չամբարտավանանանք, չանբարոյականանանք և նյութապաշտությամբ չօտարանանք, չշեղվենք ու չհեռանանք Նրանից, այլ հավատանք Նրա՛ն, հուսանք ու ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ էությամբ և զորությամբ Նրան սիրենք, Նրան դաշնակցենք, Նրա ծրագիրը, Նրա գործը կատարենք, որն ըստ հայ ազգային գաղափարախոսության նշանակում է սուրբ հավատարմությամբ մեր ժամանակը, եռանդը, ուժը, զորությունը, միջոցներն ու հնարավորություններն անկեղծորեն և հարատև կարգապահ հետևողականությամբ ի սպաս դնենք մեր ազգի ու հայրենիքի վերելքին` ի երջանկություն մեր ժողովրդի, հօգուտ մարդկության և ի փառս Աստուծո։
Համոզված ենք, որ այս հավատքի, այս գաղափարի ու այս հավատարիմ նվիրումի հանձնառության իրագործման պակասն է պատճառը բոլոր մեր տկարությունների, կորուստների ու անկումային ընթացքի։ Վերականգնենք, վերահաստատենք ու վերարտահայտենք մեր սուրբ հավատը, մեր գաղափարախոսությունը և դրանցից բխող նվիրումը, վերաբերմունքը, գործերը, և... մեր բոլոր խնդիրները կլուծվեն։
Մեր մտքերը կճառագայթեն, մեր ծրագրերը կիմաստնանան, մեր բազուկները կզորանան, և գործերը միշտ ու ամենուր կհաջողվեն. հակառակորդները կտկարանան ու կքչանան, արգելքները կնվազեն ու կվերանան, և մեր կյանքի ընթացքը մարդկության առաջատար շարքերում կպսակվի պատվով ու փառքով, որը մենք կընծայենք մեր հավատքի` կյանքի աղբյուր Սուրբ Երրորդությանը` մեր ԷՈՒԹՅԱՆԸ, այսօր և վաղը և հավիտյանս հավիտենից:
Այս, ա՛յս է եղել մեր նախնյաց հավատքն ու այդ հավատքից բխող և դրա վրա հիմնված Հայ ազգային գաղափարախոսությունը, որ դարձել է նաև դարերի ընթացքում մեր մարդկային խիղճը, աշխարհայացքը, ապրումը և միաժամանակ սնել է մեր ազգային ինքնագիտակցությունը, պարտաճանաչության զգացումը և արարքների սկզբունքը։ Այժմ ևս, ա՛յս գաղափարախոսությունը` ՀԱԳ-ը, պետք է դառնա հայոց պետականության ներքին ու արտաքին քաղաքականության և համայն պետական ու հասարակական կյանքի թե՛ հիմքը և թե՛ փարոսը.
Որ բացվեն դռներն հուսո,
Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ…
ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՐՈՅԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
(Արագ նետված հայացք հայության ու Հայաստանի իրավիճակի բացասական պատճառներին և հետևանքներին)
-Քրիստոնեական հավատքի տկարություն.
-Հավատքից բխող և դրա վրա հիմնված հայ ազգային գաղափարախոսությանն անիրազեկություն.
- Ազգային ու մարդկային բարոյական արժեքների արժեզրկում.
-Ընտանիքի ավանդական ամրության թուլացում, հոգատարության, անձնվիրության, հարգանքի, հավատարմության, միասնականության նվազում.
- Ընկերական կապերը` նույնը.
-Հայրենիքի հետ կապվածության, ազգի ու հայրենիքի նկատմամբ սիրո, պատասխանատվության, պարտաճանաչության և պատրաստակամության նվազում.
- Պատվախնդրության, առաքինության, գաղափարականության անկում.
- Ազգային և քաղաքացիական գիտակցության տկարացում.
Հետևանքները`
- Եսամոլության, փառամոլության, ամբարտավանության աճ.
- Նյութապաշտության, հեշտամոլության, քաղքենիության ավելացում.
- Բաժանված ընտանիքների և լքված ծնողների ու երեխաների աճ.
- Հանցագործության, անօրինականության, կաշառելիության աճ.
- Արտագաղթ, ազգի սփռվածության ու օտարացման աճ.
- Ազգի ու երկրի տկարացում, խոցելիության ավելացում.
- Պարտության ու կորուստների վտանգի մեծացում։
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԶԱՐԿԵՐԱԿԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ
Ազգի ու հայրենիքի խնդիրները ճիշտ հասկանալու, ճիշտ գնահատելու և ըստ այդմ լուծումներ գտնելու համար անհրաժեշտ է վերլուծել ու հասկանալ հայության մեջ և Հայաստանում գոյություն ունեցող հոգևոր, բարոյական և դրանից բխող ընկերային, քաղաքական, տնտեսական և կրթության ու մշակույթի վիճակը։ Գնահատել դրանց ճիշտն ու սխալը, դրականն ու բացասականը, օգուտն ու վնասը, առաջացման պատճառները, պայմանները և առաջարկել լուծումներ` քրիստոնեական հավատքի ու հայ ազգային գաղափարախոսության հիման վրա:
Աստուծո հավատքը` Քրիստոսի Ավետարանով ու Խաչի խորհրդով ապրած մեր նախնիների կյանքը, նրանց` մեզ ժառանգություն թողած վարքն ու խոսքը հզորագույն և միակ միջոցը, միակ ուժն ու իմաստությունն են, որ կարող են մեզ պարզել, հասկացնել, ուղի նշել` լուծելու մեր բոլոր խնդիրները և միաժամանակ արդար, ճիշտ ու արագ բուժելու մեր ազգային-հասարակական, կենցաղային ու անհատական ախտերը։
Աստուծո հավատքը` Քրիստոսի Ավետարանով ու Խաչով, ու նրանցից բխող և նրանց վրա հիմնված հայ ազգային գաղափարախոսությունը և մեր նախնյաց վարքն ու խոսքը պետք է դառնան հայ հասարակության, հայ մարդու, որտեղ էլ նա գտնվի և, մանավանդ, նոր սերնդի իրազեկության, դաստիարակության, աշխարհայացքի, բարոյական արժեքների չափանիշների և կյանքի տարբեր բնագավառներում կողմնորոշման ու վերաբերմունքի փարոսը, կողմնացույցը, քարտեզը` որպես հիմք: Դա պետք է դառնա հիմքը, մանավանդ` հայ հոգևորականի, ղեկավար, պատասխանատու աշխատողի և մտավորականի։ Այս խավերի էության, կարողության և գործունեության կիրառելիությունը:
Ո՞վ պետք է սկսի, ե՞րբ պետք է սկսի այդ հիմքի վերականգնման և դրա վրա հայ կյանքի ապրումի վերակերտման գործընթացը։ Ակնհայտ է, որ դրա առաջին և մեծագույն պատասխանատուն Էջմիածինն է, և նրանից անմիջապես հետո հաջորդ ու մեծագույն պատասխանատուն հայոց պետությունն ու պետականությունն է. կաթողիկոսներ, եպիսկոպոսներ, քահանաներ, բոլոր հոգևոր հայրերը, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետն ու նախարարները, Ազգային ժողովի նախագահ ու երեսփոխանները, Սահմանադրական դատարանի դատավորներ, օրենքը գործադրողներ, սպայակույտ ու զորականներ և համայն պաշտոնյաներ։ Հատուկ պատասխանատվություն են կրում ազգային ակադեմիական գիտական համակարգը, բուհերի ղեկավարներն ու դասախոսները, դպրոցների պաշտոնեությունը, գրողները, բոլոր մշակութային գործիչները, լրագրողներն ու ամբողջ ազգային մտավորականությունը, ինչպես և կուսակցական ու հասարակական գործիչները:
Պատասխանատվություն` ազգի, մարդկության և Աստուծո առաջ:
***
Այսօր Հայաստանում, ըստ երևույթին, շատ ավելի դեղորայք է գործածվում, քան երբևէ, բայց արդյո՞ք ավելի առողջ ենք։
Հայությունը երբե՛ք այսքան ուսյալներ չի ունեցել, բայց արդյո՞ք ավելի իմաստնացած ենք։
Եվ հայության մեջ երբեք այսքան հարուստ չի եղել, բայց ազգն ու հայրենիքն աղքատ են։
Հուսո արևը չպետք է թողնել խավարի, որպեսզի հայ կյանքը չխամրի։ Հավերժակա՜ն պիտի լինի հույսը` Աստուծո հավատքով, Քրիստոսանվեր հայ ազգային գաղափարախոսությամբ և դրանցից առաջացած նախնյաց վարքով:
ՏԵՍԻԼՔ, ՈՐ ԿԱՐՈ՞Ղ Է ԻՐԱԿԱՆԱՆԱԼ
Հայության ապրումը դարձած հայ ազգային գաղափարախոսության գործնականացման ընթացքում Հայաստանում կառաջանա նաև մի նոր քաղաք` Քրիստոսակերտ անվամբ։
Մինչ այդ, սակայն, Հայոց Երրորդ Հանրապետությո՜ւնը պետք է Քրիստոսասե՛ր հռչակվի, և նրա սրբագործված հոգևորականության, ազգային ղեկավարության և մտավորականության օրինակով ու առաջնորդությամբ քաղաքներում ու գյուղերում Քրիստոսասեր Հայաստանի Հանրապետության Սուրբ Ասպետությամբ տոգորված քաղաքացիներ առաջանան և գնալով շատանան` Սուրբ Հոգով` ի փրկություն և ի վերելք հայ ազգի ու հայրենիքի, ի բարօրություն ու առաջադիմություն մարդկության և ի փառս Սուրբ Երրորդության:
Վարդան ԳՐԻՉԵՆՑ

Դիտվել է՝ 2561

Մեկնաբանություններ